Ախալքալաքի մունիցիպալիտետում շատերը դեռ 200 լարի երեխաներին տրվող միանվագ օգնությունը չեն ստացել կամ ստացել են, բայց ոչ ընտանիքի բոլոր երեխաների համար: Ստորև ներկայացնում ենք, թե որտեղ և ինչ փաստաթղթերով է պետք դիմել օգնության համար:

Ծնողները բազմիցս դիմել են JNEWS-ի գրասենյակին, որոնք պետք է 200-ական լարի միանվագ օգնություն ստանային իրենց երեխաների համար: Օգնության ծրագիրը կառավարությունը նախաձեռնել է օգոստոսին և խոստացել, որ մինչև 18 տարեկան բոլոր երեխաները գումարը կստանային մինչև սեպտեմբերի 15-ը: Շատերը անմիջապես գումարը ստացել են գրանցված բոլոր երեխաների համար, իսկ մյուսները՝ մասամբ: Այնուամենայնիվ, շատ ծնողներ դեռ սպասում են, որ գումարը իրենց կփոխանցվի՝ կասկածելով, արդյո՞ք ճիշտ են գրանցվել: Կան այնպիսիք, ովքեր դժվարությամբ են գրանցվել, կամ որոնց երեխաների ծննդավայր նշված է այլ երկիր:

Վրաստանի Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս նման դեպքերում դիմել Արդարադատության տուն: Ծնողները պետք է իրենց հետ ունենան անձնագրերը, հեռախոս՝ գրանցման ժամանակ նշված հեռախոսահամարով, բանկային հաշվի տվյալները, որը նույնպես նշվել է գրանցման ժամանակ, և երեխաների ծննդյան վկայականները:

Հիշեցնենք, որ Արդարադատության տանը ծառայություն ստանալու համար հարկավոր է նախապես գրանցվել առցանց, քանի որ Արդարադատության տանը նոր կանոնակարգեր են մտցվել՝ COVID-19-ի տարածման պատճառով, համաձայն որի՝ առանց առցանց գրանցման Ձեզ թույլ չեն տա մուտք գործել շենք: Ձեզ հետ նույնպես պետք է ունենաք բժշկական դիմակներ: