Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ «մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ»:

«Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու: Սա կենաց-մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի եւ ազգովի հաղթանակ ենք տանելու», – ասել է Արցախի նախագահը:

Նա բնակչությանը կոչ է արել պատսպարվել եւ ցուցաբերել հանգստություն:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:

«Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:
Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում», – հայտնել է Արտակ Բեգլարյանը:

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ադրբեջանական կողմն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: