Վրաստանի իշխանությունները չեն նախատեսում դիմել համակարգային սահմանափակումների և բնակավայրերի փակմանը` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Սեպտեմբերի սկզբից երկրում պահպանվում է վարակման դեպքերի լուրջ աճը: Միայն այսօր արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 294 դեպք: Սա միջինը մոտ մեկ ամիս առաջվա մեկ օրվա ցուցանիշից տաս անգամ ավելի է:

Այս ֆոնին վրացական իշխանությունները խստացրել են վերահսկողությունը Առողջապահության նախարարության հանձնարարականների կատարման նկատմամբ և մի շարք սահմանափակումներ մտցրել Աջարիայում՝ Սևծովյան տարածաշրջանում, որը հանգստյան սեզոնից հետո դարձել է համաճարակի հիմնական օջախը: Ըստ Գախարիայի, կառավարությունը մտադիր է հետագայում հավատարիմ մնալ «կետային սահմանափակումների» ռազմավարությանը:

«Մենք պետք է ընտելանանք վիրուսի հետ միասին ապրելուն, մենք միշտ դա ասում էինք: Հեշտ է արտակարգ դրություն հայտարարել և էլի այլ միջոցառումներ, բայց մենք դա չենք ցանկանում: Մենք ուզում ենք, որ ուսումնակրթական գործընթացը, տնտեսությունը, քաղաքական գործընթացը շարունակվեն», – ասել է նա:

Վարչապետը համառորեն խորհուրդ է տվել, որ տարեցները, հատկապես Աջարիայում, մնան տանը: Նա նաև կոչ է արել բնակչությանը ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերել և մտածել տարեց հարազատների մասին:

«Ցավոք, մեր երկրում քրոնիկ հիվանդություններ ունեցող շատ մարդիկ կան: Մեր ընտանիքների սոցիալական կառուցվածքն այնպիսին է, որ մի քանի սերունդ միասին են ապրում: Սա նույնպես պետք է հաշվի առնել: Առաջին հերթին պետք է հոգ տանել բարձր ռիսկային սոցիալական խմբերի` տարեցների, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մասին», – հայտարարել է վարչապետը:

Վարչապետին հարց են տվել նաև ուսումը ստացիոնար վերսկսելու ժամկետների մասին: Գախարիան պատասխանել է, որ ուսումնակրթական գործընթացը կվերսկսվի «ճիշտ հայտարարված ռեժիմին համապատասխան»:

Կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 1-ից ուսումը կվերսկսվի ոչ հեռավար՝ Թբիլիսիի, Քութայիսիի, Ռուսթավիի և Զուգդիդիի 1-6-րդ դասարանների աշակերտների համար, իսկ Փոթիում և Գորիում` բացարձակապես բոլոր դպրոցականների համար: Ինչ վերաբերում է համալսարաններին, ապա առայժմ ուսանողներn ուսումը կշարունակեն հեռակա կարգով: